Նորվեգական ժողովրդական ավանդազրույցների, հրաշապատումների ու հեքիաթների այս համահավաք ժողովածուն, որը մեծ խնամքով ու բացառիկ ջանասիրությամբ 1841 թվականին կյանքի են կոչել Նորվեգիայի բարեպաշտ զավակներ Պետեր Ասբյորնսենը և Յորգեն Մուն, բնագրից հայերեն է թարգմանվել առաջին անգամ և նախատեսված է հետաքրքրասեր ու նրբանկատ պատանիների ու աղջնակների, ինչպեսև մտովի գերունակ երևակայությունով օժտված նրանց հայրիկ-մայրիկների և զանազան առակներ ու ասացվածքներ մտապահած փորձառու պապիկ-տատիկների համար: Գիրքը կարող է լայն կիրառություն ունենալ նաև արդի գրականագիտության ասպարեզում և ուսումնասիրվել բանագետների և ազգագրագետների կողմից՝ նրանց ոգեշնչելով զուգահեռներ փնտրել այլ ժողովուրդների ավանդույթների և մասնավորապես հայկական ավանդական զրույցների ու հեքիաթների հետ: Նորվեգական հեքիաթները լի են խորհրդավոր ու գերբնական էակներով՝ տրոլներով, հյուլդրաներով, թզուկներով, ծովախորշերի, ժայռակղզիների, քարանձավների և ջրավազանների բնակիչներ հանդիսացող անտառային ու լեռնային ոգիներով: Հեքիաթներից շատերը հիմնված են իրական պատմական իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել վաղ անցյալում և ավանդազրույցների միջոցով գովերգվել ու հասել են մեզ: Այդ մասին Ընթերցողը կարող է բավարար տեղեկություններ քաղել հենց այս գրքում զետեղված ծանոթագրություններից: